«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է, որ կենտրոնական պաշտպան Դանիել Ագգեռը մեջքի խնդիրների պատճառով բաց է թողնելու ընթացիկ մրցաշրջանի վերջին երկու հանդիպումները:
Մերսիսայդյան ակումբն իր հայտարարության մեջ ասում է, որ այս բուժումը համարվում է «կանխարգելիչ միջոց», որը թույլ կտա ամրացնել մեջքի վիճակը:
Ինչպես հայտնի է, անցած տարի Ագգեռին անհանգստացնում էին տարատեսակ վնասվածքները, այդ թվում նաև մեջքի: Մինչդեռ ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 39 հանդիպում:
Այսպիսով, «Ֆուլհեմի» և «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ հանդիպումներում «Լիվերպուլը» խաղալու է առանց Ագգեռի: Դանիելի բացակայությունը կարող է ճանապարհ բացել Մարտին Շկրտելի համար, ով վերջին մեկ-երկու ամիսներին նստած է պահեստայինների նստարանին: