«Տոտտենհեմի» ղեկավարությունն «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանի հետ կապված իրավիճակի պատճառով բարկացած է «Չելսիի» վրա:
Այս շաբաթվա սկզբին 25-ամյա բրազիլիացին բուժզննում անցավ «Տոտտենհեմում», և լոնդոնյան ակումբն արդեն պատրաստվում էր գործարքն ավարտին հասցնելու համար «Անժիին» 30 մլն ֆունտ վճարել, երբ հայտնվեց «Չելսին»:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը անձամբ է զանգահարել ռուսական ակումբի ղեկավար Սուլեյման Կերիմովին:
Տեղեկության համաձայն, Վիլլիանը ոչինչ չի որոշել: Ֆուտբոլիստի ապագան որոշել են Աբրամովիչը, Կերիմովը և Վիլլիանի գործակալը:
Ճիշտ է, «Չելսին» մի փոքր ավելի շատ կվճարի Վիլլիանի համար, քան «Տոտտենհեմի» առաջարկն էր: Հնարավոր է, որ հենց դա է որոշիչ դեր խաղացել: Հաջորդ շաբաթ Վիլլիանն Անգլիայում աշխատելու թույլտվություն կստանա և գործարքն ավարտին կհասնի:
Սակայն «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին վստահ է, որ «Չելսիին» պետք չէր Վիլլիանը, նրանք ուղղակի վախեցան Պրեմիեր Լիգայում ևս մեկ ուժեղ մրցակից ունենալուց և որոշեցին խոչընդոտել տաղանդավոր ֆուտբոլիստի տեղափոխությունը «Տոտտենհեմ»:
Արժե նշել, որ վերջին ժամանակներս լոնդոնյան այս երկու ակումբների միջև այնքան էլ հարթ չեն հարաբերությունները: Երկու տարի առաջ «Տոտտենհեմը» հրաժարվեց ավելի շատ գումարով Լուկա Մոդրիչին բաց թողնել «Սթեմֆորդ Բրիջ», քան վճարեց «Ռեալ Մադրիդը»: Ակնհայտ է, որ ռուս գործարարը տարաձայնություններ ունի «Տոտտենհեմի» ղեկավարի հետ, և Վիլլիանը լավ միջոց էր Լևիին վրդովեցնելու համար: Պետք չէ մոռանալ նաև, որ «Տոտտենհեմին» այժմ մարզում «ազնվականների» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, ով մտադիր է լուրջ վտանգ ներկայացնել «կապույտների» համար:
Բացի այդ, Վիլլիանի տեղափոխությունը «Չելսի» շատ հարցեր է առաջացնում: Նրանք կիսապաշտպանությունում արդեն ունեն Էդեն Ազար, Խուան Մատա, Անդրե Շյուրլե, Օսկար, Քևին Դե Բրյունե և Վիկտոր Մոզես: