Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Զորկը հայտարարել է, որ կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն դեռևս մտադիր է տեղափոխվել իր ակումբ և չի ցանկանում մնալ «Չելսիում»:
Սկզբում «Չելսին» որոշել էր 21-ամյա բելգիացուն վարձավճարով ուղարկել «Բայեր», որը կօգներ «կապույտներին» ձեռք բերել լևերկուզենցիների աստղ Անդրե Շյուրլեին: Սակայն Քևինը կտրուկ հրաժարվել է այս տարբերակից:
Որոշ բարդություններից հետո, այնուամենայնիվ, «Չելսիին» հաջողվեց համաձայնեցնել Շյուրլեի տեղափոխությունը: Իսկ օրերս, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պատրաստ է Դե Բրյույնեին հիմնական կազմում խաղալու հնարավորություն տալ:
Սակայն, եթե հավատանք Զորկին, այս տարբերակը ևս Քևինին հարմար չէ. Դե Բրյույնեն երազում է խաղալ միայն «Բորուսիայում»:
-Մենք հետաքրքրված ենք Քևին Դե Բրյույնեի ձեռքբերումով: Ամեն դեպքում ես կարող եմ հաստատել, որ հենց ֆուտբոլիստն էլ ցանկանում է տեղափոխվել մեր ակումբ,- Զորկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: