«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի հեռանալու մասին։
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը «սև կատուներին» գլխավորեց նախորդ մրցաշրջանի ավարտին և կարողացավ թիմը պահել Պրեմիեր Լիգայում։ Հետո Դիկը որոշեց ավարտել ակումբային ֆուտբոլում իր կարիերան, սակայն երկար բանակցություններից հետո վերադարձավ «Սթեդիում օֆ Լայթ»։
68-ամյա Ադվոկատի թիմը վատ մեկնարկեց ընթացիկ մրցաշրջանը՝ ութ տուրից հետո չտանելով ոչ մի հաղթանակ։ «Սանդերլենդն» այժմ գտնվում է վերջին հորիզոնականում և ամենից շատ գոլերն է բաց թողել։
«Վեստ Հեմի» հետ շաբաթ օրվա խաղից հետո Դիկն ակնարկեց, որ իր ապագայի հետ կապված արդեն որոշում է կայացրել։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադվոկատը հեռացել է։
-Ես ցանանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ։ Սա շատ յուրահատուկ ֆուտբոլային ակումբ է՝ բազում հիանալի անձնավորություններով, սակայն ես զգում եմ, որ այժմ այդ քայլին գնալու ճիշտ ժամանակն է։ Դա անում եմ հանուն ակումբի,֊ ասել է Ադվոկատը։