Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի՝ Եվրո 2028-ն ընդունելու համատեղ հայտի համաձայն, անվանվել են Պրեմիեր լիգայի հինգ ակումբների մարզադաշտերը:
Ընդհանուր առմամբ, բրիտանական հայտը ներառում է 10 մարզադաշտ։ Այստեղ կա վեց անգլիական՝ «Աստոն Վիլայի» «Վիլլա Պարկը», «Էվերթոնի» կառուցվող արենան, «Տոտտենհեմ Հոթսպուր» մարզադաշտ, «Մանչեսթեր Սիթիի» «Էթիհադը», «Նյուքասլի» «Սենտ Ջեյմս Պարկը», և իհարկե, «Ուեմբլին»:
Ցուցակը եզրափակում են Դուբլինի «Ավիվա» մարզադաշտը, Բելֆաստի «Կեյզմենթ Պարկը», Գլազգոյի «Հեմպդեն Պարկը» և Քարդիֆի «Պրինսիփալիթի» մարզադաշտը, հաղորդում է Sky Sports-ը:
Նշենք, որ «Ուեմբլիից» հետո Անգլիայի երկրորդ ամենամեծ մարզադաշտը՝ «Օլդ Թրաֆորդը», չի ներառվել հայտում։ Դա պայմանավորված է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտի տեխնիկական անմխիթար վիճակով և վերակառուցման անորոշ ծրագրերով։
Հավելում ենք, որ Թուրքիան նույնպես հավակնում է ընդունել Եվրո-2028-ը։ ՈւԵՖԱ-ն իր որոշումը կկայացնի այս տարվա սեպտեմբերին։