«Ռեալ Մադրիդի» սպորտային տնօրեն Զինեդին Զիդանը հայտնել է, որ իր ակումբը չի դադարի փորձեր կատարել «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար:
Թվում էր, թե 24-ամյա ուելսցուն պահելու լոնդոնցիների ցանկությունը հնարավոր է սառեցնի մադրիդյան ակումբի հետաքրքրությունը: Սակայն «Ռեալը» չի հանձնվում և, Զիդանի խոսքերով, շարունակում է պայքարել Բեյլի համար:
-Մենք չենք հրաժարվի Գարեթ Բեյլից: Նորմալ է, որ «Տոտտենհեմը» ցանկանում է նրան պահել և նոր պայմանագիր ստորագրել: Բայց այդ մակարդակի ֆուտբոլիստին մոռանալն անհնար է,- Զիդանի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը:
Բացի այդ, համաձայն իսպանական Marca-ի տեղեկության, «Ռեալը» պատրսատվում է Գարեթի համար 126 մլն ֆունտ առաջարկել: Այս հսկայական գումարը կարող է դառնալ ֆուտբոլի ամբողջ պատմության մեջ տրանսֆերային ռեկորդ: