«Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսը հայտարարել է, որ դիտմամբ չի հարվածել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին:
Կիրակնօրյա խաղի ընթացքում Ուիլյամսը գնդակով հարվածեց վան Պերսիի գլխին, այն դեպքում, երբ խաղն արդեն ընդհատվել էր: Դրանից հետո վան Պերսին հարձակվեց մրցակցի վրա: Արդյունքում երկու խաղացողներն էլ դեղին քարտ ստացան:
Մինչդեռ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հավատացած է, որ Էշլին դիտմամբ է հարվածել: Ուիլյամսն իր հերթին այլ կարծիքի է:
-Սէր Ալեքսը կարծիքի իրավունք ունի, և ես հասկանում եմ, թե վան Պերսին ինչու էր այդքան բարկացել: Ես ընդամենը ցանկանում էի գնդակը հանել դաշտից, ոչ թե խփել նրա գլխին:
Էշլին խաղից հետո ցանկացել էր մոտենալ Ռոբիին և ներողություն խնդրել, սակայն նրան այդպես էլ չէր տեսել:
-Իմ կարծիքով այս դրվագի նշանակությունը չափազանցված է: Ոչնչից մեծ աղմուկ: Կրկնում եմ` չեմ ցանկացել հարվածել նրան,- ասել է Ուիլյամսը: Sky Sports