Եթե «Էվերթոնին» չհաջողվի համոզել Դևիդ Մոյեսին նոր պայմանագիր կնքել, ապա ակումբի հաջորդ գլխավոր մարզիչը հնարավոր է դառնա 44-ամյա Վիտոր Պերեյրան, ով այժմ գլխավորում է «Պորտուն»:
Ե՜վ Մոյեսի, և՜ Պերեյրայի պայմանագրերը լրանում են այս ամռանը: «Իրիսկաների» նախագահ Բիլլ Քենրայթը պորտուգալացի մասնագետի մեծ երկրպագուն է: Պերեյրան հյուրի կարգավիճակով Ծննդյան տոներին ներկա է եղել «Էվերթոնի» խաղերից մեկին: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:
Ժամանակին Պերեյրան «Պորտուում» աշխատել է որպես Անդրե Վիլաշ-Բոաշի օգնական: Վերջինիս «Չելսի» տեղափոխվելուց հետո Պերեյրան գլխավորեց «Պորտուն»: Անցած մրցաշրջանում Վիտորի սաները հաղթեցին պորտուգալական առաջնությունում: Այս տարի նրանք ոչ մի պարտություն չեն կրել, սակայն 4 միավորով զիջում են առաջատար «Բենֆիկային»:
Ավելացնենք, որ «Էվերթոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով 11 տարի աշխատում է այստեղ, դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: