«Էվերթոնի» նախագահ Բիլլ Քենրայթը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին զգուշացրել է, որ չմտածի ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսի տրանսֆերի մասին:
Խոսվում է, որ այս ամռանը Մոյեսի տրանսֆերային նպատակներից մեկը կլինի իր նախկին ֆուտբոլիստ Լեյթոն Բեյնսը: Սակայն մերսիսայդյան ակումբը չի ցանկանում վաճառել Բեյնսին և պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել 28-ամյա պաշտպանին:
-Լեյթոնը գործող պայմանագիր ունի ակումբի հետ և ես Դևիդին ասել եմ, որ չվերադառնա այս թեմային: Մենք դեռ նոր պայմանագիր չենք առաջարկել նրան, սակայն մոտակա օրերին կանենք դա,- Քենրայթի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Բեյնսին «Էվերթոնում» պահելու ցանկություն է հայտնել նաև նորանշանակ մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:
-Իմ կարծիքով, Լեյթոնը առաջնության վերջին մի քանի տարվա լավագույն ձախ պաշտպանն է և ես շատ ուրախ եմ նրա հետ աշխատելու համար: Այս թիմը տեղ է զբաղեցրել լավագույն վեցնյակում և վաստակել է հաղթողի համբավ: Ես չեմ կարող թույլ տալ, որ դա կորչի,- ասել է Մարտինեսը:
Քենրայթը նաև հերթական անգամ հայտնել է, որ Մարուան Ֆելայնին չի ցանկանում լքել իրենց: