«Արսենալի» ֆուտբոլիստ Թեո Ուոլկոտը հայտնել է Անգլիայի ազգային հավաքականում որպես հարձակվող հանդես գալու իր ցանկության մասին։
Ինչպես հայտնի է, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջին շրջանում Թեոյին տեղափոխել է հարձակման կենտրոն։ Իհարկե, դա կատարվեց ստիպված, քանի որ ամռանը թիմը համալրում չունեցավ այդ դիրքում, Օլիվյե Ժիրուի մարզավիճակը գոհացնող չէ, իսկ Դենի Ուելբեքը վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի կարող օգնել լոնդոնցիներին։
Այժմ 26-ամյա Ուոլկոտը ցանկանում է իրեն այդ դիրքում փորձել նաև միջազգային խաղերում։ Ուրբաթ օրը Էստոնիայի հավաքականի հետ խաղում նրան այդ հնարավորությունը կարող է տրվել, քանի որ անգլիացիների ավագ Ուեյն Ռունին վնասվածքի պատճառով բաց է թողել մարզումները։
-Մենք գիտենք, որ Ուեյնը միշտ ցանկանում է ներկայացնել իր երկիրը։ Սակայն եթե նա չի կարող այդ օրն օգնել մեզ, ապա մարզիչը որոշում կկայացնի։ Իհարկե, ես ցանկանում եմ խաղալ հավաքականում որպես հարձակվող,֊ ասել է Ուոլկոտը։ Sky Sports