«Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Դևիդ Մոյեսը հաջողությունների կհասնի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Մոուրինյոն համարվում էր Սէր Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինող հավանական թեկնածուներից: Սակայն 71-ամյա շոտլանդացին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, ընտրեց Դևիդ Մոյեսին: Մոուրինյոն առաջիններից էր, ով ողջունեց այդ ընտրությունը:
-Երբ Սէր Ալեքսը զանգեց ինձ և հայտնեց կարիրեան ավարտելու իր որոշման մասին, ես անակնկալի եկա: Միաժամանակ ես ուրախ էի զգալ նրա էմոցիաները և հպարտությունն այդպիսի փառահեղ կարիերայից:
Իմ և, կարծում եմ բոլոր մարզիչների համար ծանր կլինի մեկնել «Օլդ Թրաֆորդ» և խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ՝ իմանալով որ այլևս այնտեղ չէ Սէր Ալեքսը:
Կարծում եմ՝ Մոյեսը հիանալի ընտրություն էր: Ինձ նա դուր է գալիս որպես մարդ և որպես մարզիչ: Ես վստահ եմ, որ ակումբը կաջակցի նրան:
Ես Սէր Ալեքսին մաղթում եմ ուրախ կյանք, իսկ Մոյեսին՝ հաջողակ կարիերա «Օլդ Թրաֆորդում»,- Մոուրինյոի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պորտուգալացի մարզիչը նաև հերթական անգամ ակնարկել է «Չելսի» իր վերադարձի մասին:
-Ֆերգյուսոնը իմ լավ ընկերն է, իսկ իմ լավ ընկերները գիտեն, թե որ ակումբը կմարզեմ, երբ ավարտեմ իմ աշխատանքը «Ռեալում»: Կգնա՞մ արդյոք Ֆերգյուսոնի վերջին խաղին: Ո՛չ, հաստատ չեմ գնա: Չեմ ուզում արտասվել,- ավելացրել է Ժոզեն: