«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ կհեռանա ակումբից, եթե չկարողանա «կապույտների» համար տիտղոս նվաճել:
«Ստեմֆորդ Բրիջում» իր աշխատանքային առաջին շրջանի ընթացքում Մոուրինյոն երկու անգամ հաղթեց Պրեմիեր Լիգան, երկու անգամ՝ Լիգայի գավաթը և մեկ անգամ՝ Անգլիայի գավաթը:
Մոուրինյոն հուսով է, որ աշխատանքային երկրորդ շրջանը նույնպես հաջող կլինի: Սակայն եթե ինչ որ բան այնպես չընթանա, ապա Ժոզեն չի սպասի, որ իրեն հեռացնեն:
-Իհարկե, ամեն ինչ անում եմ տիտղոսներ նվաճելու համար: Իմ ԴՆԹ-ն չի փոխվել, իմ բնույթն է այդպիսին: Ես այն մարդկանց տեսակին չեմ պատկանում, ովքեր կարող են առանց տիտղոսի մեկ ակումբում մի քանի տարի մնալ:
Դրա համար, ես չեմ սպասի, որ ակումբն ինձ ասի․ «Մենք գոհ չենք քեզնից, հաջողություն»: Ես առաջինը կասեմ․ «Ես արեցի հնարավոր ամեն ինչ, սակայն չհասա հաջողության: Դրա համար ես հեռանում եմ»:
Սակայն ես զգում եմ, որ տիտղոսներն իրենք իրենց կգան: Դա կլինի շնորհիվ ակումբի կայուն խաղի, որին մենք ձգտում ենք: Այս պահին ակումբը պատրաստ է դրան, և ես նույնպես պատրաստ եմ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: