«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ իր թիմը շատ ծանր հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նկատմամբ:
«Կապույտները» 2:1 հաշվով հաղթեցին այդ խաղում, որը տեղափոխվել էր Պրեմիեր Լիգայի երրորդ տուրից: Խաղի երկրորդ խաղակեսում «վիլլացիները» ոչնչով չզիջեցին «Չելսիին» և անգամ կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն մրցավարը չնշանակեց մաքուր 11-մետրանոցը, երբ տուգանային հրապարակում գնդակը դիպավ Ջոն Թերիի ձեռքին:
Մոուրինյոն, ով այս ամռանն է վերադարձել անգլիական ֆուտբոլ, իր մեջ ուժ գտավ խոստովանելու, որ իր թիմի հաղթանակը շատ բարդ էր, միգուցե նաև ոչ արժանի:
-«Բեռնաբեոյում» «Ռեալը» հաղթում էր ամեն անգամ և դա անում էր շատ հեշտ: Իսկ Պրեմիեր Լիգայում շատ բարդ է:
«Աստոն Վիլլայի» ոճը իմ ոճն է: Նրանք ունեն հատուկ ֆուտբոլիստ՝ ի դեմս Բենտեկեի, և բոլոր գնդակները նրան էին ուղղված: Նրա դեմ դժվար էր խաղալ:
«Աստոն Վիլլան» լավ էր հակագրոհում: Երբ նրանք գնդակով էին, շատ վտանգներ էին ստեղծում և կարող էին գոլեր խփել, դրա համար մենք պլաններ ունեինք նրանց հակագրոհի հնարավորություն չտալու,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: