«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն այս ամառ կտեղափոխվի «Լոս Անջելես Գալաքսի»: Ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել ամերիկյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:
Ինչպես հայտնի է, «ազնվականները» որոշել են չերկարաձգել պայմանագիրը 34-ամյա ֆուտբոլիստի հետ, որն այժմ ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ: Լեմպարդը ցանկանում էր մնալ «Սթեմֆորդ Բրիջում», նույնիսկ համաձայնելով իջեցնել աշխատավարձը, սակայն ակումբն արդեն որոշել է:
Լեմպարդն, ով արդեն 12 տարի է լոնդոնյան ակումբում է, առաջարկներ էր ստացել նաև «Մանչեսթեր Յունայթեդից», «Արսենալից» և «Էվերթոնից»: Այնուամենայնիվ նա որոշեց մեկնել ԱՄՆ:
-Գործարքը գործնականում արված է,- հայտնել է պարբերականին մոտ կանգնած աղբյուրը ԱՄՆ-ից:
«Լոս Անջելես Գալաքսիի» գլխավոր մարզիչ Բրյուս Արենան իր հերթին հայտարարել է.
-Չեմ զարմանա, եթե առաջիկա շաբաթ գնենք նոր խաղացողի: Չենք բացառում, որ դա կլինի Լեմպարդը: Հավանականություն կա, որ հենց այդպես էլ կլինի: