«Էվերթոնի» ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսը խնդրել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին և ակումբի նախագահ Բիլ Քենրայթին համաձայնեցնել իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այս ամառ Անգլիայի չեմպիոնները հետաքրքրվում են 28-ամյա Բեյնսի ծառայություններով: Անցած շաբաթ «Յունայթեդը» Բեյնսի և իր թիմակից Մարուան Ֆելայնիի համար առաջարկ է արել, որը մերժվել է:
Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստին, ապա նա ցանկություն է հայտնել «Օլդ Թրաֆորդում» միանալ իր նախկին մարզիչ Դևիդ Մոյեսին: Համաձայն The Independent-ի տեղեկության, նա այս մասին նախքան մրցաշրջանի մեկնարկն է հայտնել Մարտինեսին:
Ավելացնենք, որ Լեյթոնը թիմի որևէ մարզում բաց չի թողել և մասնակցել է Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի «Էվերթոնի» երկու մեկնարկային խաղերին: Սակայն անգլիացու դիրքորոշումը չի փոխվել. նա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ իրեն սպասում է Չեմպիոնների Լիգան: