Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան հույս ունի, որ իր աշխատասիրությունը և խաղային բազմազանությունը կօգնեն իրեն վերադառնալ «Չելսիի» հիմնական կազմ:
Վերջին երկու մրցաշրջաններում Մատան «Չելսիի» լավագույն խաղացողն է եղել, սակայն «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոն վերադարձած Ժոզե Մոուրինյոն իսպանացու ապագան թիմում հարցականի տակ է դրել:
Մոուրինյոն ոչ միայն Խուանին դուրս է հանել հիմնական կազմից, այլև սպառնացել է, որ Մատային կպահի պահեստայինների նստարանին, եթե նա չփոփոխի իր խաղը:
Այս շաբաթ «Սուիդոնի» դեմ Լիգայի գավաթի խաղում Մատային, այդուհանդերձ, հնարավորություն տրվեց իրեն դրսևորելու: Խուանը վատ չխաղաց` մասնակցելով գոլային գրոհին, և պատրաստվում է շատ ավելին անել, հիմնական կազմ վերադառնալու համար:
-Ես ջանասիրաբար մարզվել էի, բայց դա այլ բան է: Խաղերին մասնակցելով դու բարելավում ես քո շարժունակությունը: Ես շատ էի աշխատում և ցանկանում էի ցույց տալ, որ ունակ եմ խաղալ, որ ամեն ինչ կարգին է:
Ինձ համար հեշտ է կենտրոնանալ խաղի ընթացքում և անել այն, ինչ պետք է անեմ: Ես անընդհատ մտածում եմ այն մասին, որ շարունակեմ աշխատել, շարունակեմ ջանասիրաբար մարզվել, շարունակեմ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել:
Ես երեք դիրքերում եմ խաղացել: Սկզբում ես ձախ եզրում եմ խաղացել, հետո` աջ, իսկ անցած մրցաշրջանում ես հանդես էի գալիս 10 համարի դիրքում: Հարձակման ցանկացած դիրքում հանդես գալն ինձ հարմար է: Այդպես շատ ավելի լավ է, երբ ֆուտբոլիստը կարող է իրեն դրսևորել տարբեր դիրքերում,- The Sun-ի հետ հարցազրույցում հայտնել է Մատան: