«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի կարծիքով «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի ելույթները «Սթեմֆորդ Բրիջում» մոտեցել է իր ավարտին:
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երեկվա խաղում «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշեց խաղալ առանց մաքուր հարձակվողի՝ երևի դրանով ակումբի ղեկավարությանը հասկացնելով, թե իրեն ինչքան է անհրաժեշտ Ուեյն Ռունին:
Սակայն Կարագերը, ով հիմա Sky հեռուստաընկերությունում աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, կարծում է, որ Ժոզեն չի վստահում Տորրեսին և շուտով կազատվի նրանից:
-Մենք բոլորս գիտենք, որ նա ցանկանում է իր թիմում տեսնել Ուեյն Ռունիին, դա ակնհայտ է: Նա ուղղակի ասում է, որ իր հարձակվողները բավական լավը չեն: Նա դա աշխարհին ասում է այստեղից:
Կարելի է ասել, որ սա «Չելսիում» Տորրեսի կարիերայի ավարտն է: Ես չեմ կարծում, որ նա Մոուրինյոյի հետ փայլուն ժամանակներ կունենա:
Ես Տորրեսի հետ խաղացել եմ «Օլդ Թրաֆորդում» և նա անկասելի էր անգամ Նեմանյա Վիդիչի համար, իսկ այժմ նա մրցակցությունում զիջում է Անդրե Շյուրլեին, ով ընդամենը վինգեր է: Իմ կարծիքով, մենք այլևս չենք տեսնի այն Տորրեսին, ով «Օլդ Թրաֆորդում» խաղում էր Վիդիչի դեմ,- ասել է Կարագերը: