«Մանչեսթեր Յունայթեդի» վետերաններ Մայքլ Կարրիկն ու Ռիո Ֆերդինանդը ողջունել են Դևիդ Մոյեսի նշանակումը իրենց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Երեկ հայտնի դարձավ, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինելու է Մոյեսը: Եվ 50-ամյա մասնագետն արդեն ստացավ երկու խաղացողների աջակցությունը:
-Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Մոյեսը հիանալի աշխատանք է կատարել «Էվերթոնում»: Նա այնտեղ մարզել է երկար ժամանակ և մեծ հաջողությունների է հասել այն ռեսուրսներով, որոնք ունեցել է: Նրան հարգում են բոլորը, ում հետ որ ես զրուցել եմ:
Նրա թիմում հանդես եկած բոլոր խաղացողները հաճույք են ստացել նրա հետ աշխատելուց և լավ են արտահայտվել նրա մասին: Մոյեսի համար դա բավական է, որ հնարավորություն ստանա՝ դառնալու այսպիսի մեծ ակումբի մարզիչ:
Սա հնարավորություն է նրա համար և ընդհանրապես յուրաքանչյուրի համար, որպեսզի հավանաբար ինչ որ բաներ փոխեն, սակայն շարունակեն այն հաջողությունը, որին մենք հասել ենք,- ասել է Կարրիկը MUTV-ին տված հարցազրույցի ժամանակ:
-Բոլորս էլ գոհ ենք այս նշանակումից: Կարծում եմ՝ կարևոր է, որ ակումբն արագ որոշում կայացրեց և ամեն ինչ վճռեց: Կարծում եմ՝ ակումբը հիանալի գործեց: Վստահ եմ, որ մարզիչը երկար մտածել է իր այս որոշման վրա, և նա որոշեց: Ակումբի ռեակցիան չուշացավ, և հիանալի է տեսնել, որ մենք արդեն նոր մարզիչ ունենք,- ավելացրել է Ֆերդինանդը: