Չեմպիոնշիփի «Ուիգանը» հայտարարել է «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Կոլո Տուրեին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Որպես խաղացող՝ Տուրեն խաղացել է որոշ էլիտար մարզիչների, այդ թվում՝ Արսեն Վենգերի, Ռոբերտո Մանչինիի, Յուրգեն Կլոպի և Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ: Կոլոն 2003/04 մրցաշրջանում Արսենալի «անպարտելիների» մի մասն էր:
Տուրեի մարզչական փորձը սահմանափակվում է Ռոջերսի օգնականի պաշտոնով, ուստի 41-ամյա կոտդիվուարցին առաջին անգամ «Ուիգանում» կփորձի իրեն որպես անկախ մասնագետ:
Տուրեի պայմանագիրը Չեմպիոնշիփի աղյուսակում ներքևից երրորդ տեղում գտնվող «Ուիգանի» հետ նախատեսված է երեքուկես տարով:
Հենց հիմա Կոլոն մեկնում է Թուրքիա, որտեղ նրա նոր թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում և պատրաստվում է ընդմիջումից հետո առաջին խաղին՝ դեկտեմբերի 10-ին կայանալիք «Միլվոլի» դեմ։