«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահություն է հայտնել, որ իր ակումբը ցանկանում է պահել Հարի Քեյնին մինչև անգլիացի հարձակվողի կարիերայի ավարտը։
Sky Sports-ը վերջերս հայտնել էր, որ «Տոտտենհեմը» բացառում է ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» և Մյունխենի «Բավարիայի» թիրախ դարձած Քեյնի վաճառքը, նույնիսկ եթե Հարին նոր պայմանագիր չստորագրի:
Կոնտեն վստահ է, որ այդպես է։ Անտոնիոն չի պատկերացնում, որ «շպորները» կցանկանան ազատվել Անգլիայի հավաքականի 29 ամյա ավագից։
«Քեյնի ապագան: Կարծում եմ, որ դա ակումբի հարցն է: Իմ կարծիքն այն է, որ ակումբը ցանկանում է օգտվել Քեյնի ծառայություններից մինչև նրա կարիերայի ավարտը: Ես վստահ եմ դրանում»:
«Որովհետև երբ դու ունես նման խաղացող, համաշխարհային կարգի հարձակվող, ինչպիսին նա է, դու ցանկանում ես նրան այստեղ պահել իր կարիերայի մնացած ժամանակահատվածում»:
«Բայց դուք գիտեք, թե ինչպիսին է ֆուտբոլը: Երբեմն դա անկանխատեսելի է, և դա իմ որոշումը չէ: Դա ակումբի և Հարիի որոշումն է»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: