Կոսովոյի «Հայվալիա» ակումբը «Լիվերպուլին» առաջարկել է վարձակալել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ նրա չորսամսյա որակազրկման շրջանում:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլում Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար ՖԻՖԱ-ն Սուարեսին արգելեց չորս ամիս ֆուտբոլ խաղալ կամ զբաղվել ֆուտբոլային որևէ գործունեությամբ:
Սակայն այդ սանկցիաները չեն խանգարել, որպեսզի Կոսովոն ներկայացնող ակումբը հանդես գա վարձակալության առաջարկով: «Հայվալիան», որը նախորդ մրցաշրջանում դարձավ Կոսովոյի գավաթակիր, իսկ ազգային առաջնությունում գրավեց վեցերորդ տեղը, հուսով է, որ կկարողանա օգտվել այդ իրավիճակից և չորս ամսով վարձակալել Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուին:
-Մենք բոլորս գիտենք, որ Սուարեսին արգելվել է չորս ամիս ֆուտբոլ խաղալ: Քանի որ Կոսովոն ՖԻՖԱ-ի լիարժեք անդամ չէ, մենք կարծում ենք, որ նա կարող է խաղալ մեր ակումբում: Մենք առաջարկ ենք պատրաստել և այն կուղարկենք «Լիվերպուլին»:
Մենք առաջարկում ենք 30 հզր եվրո, իսկ Սուարեսին ամսեկան 1.5 հզր եվրո աշխատավարձ: Դա կարող է ծիծաղելի թվալ, սակայն դա այն ամենն է, ինչ մենք կարող ենք մեզ թույլ տալ:
Եթե նա պատրաստ է գալ այստեղ և խաղալ մեզ համար, ապա մենք դա կողջունենք: Կարծում եմ՝ դա իդեալական տարբերակ կլինի նրա համար,- Daily Sport Plus-ին հայտնել է «Հայվալիայի» սպորտային տնօրեն Չավիտ Պոկոլին: