Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը պաշտոնապես միացավ «Մանչեսթեր Սիթիին»։
Կովաչիչը չորս տարվա պայմանագիր է կնքել «Սիթիի» հետ։ Մատեոյի տրանսֆերը գնահատվում է 25 մլն ֆունտ ստերլինգ՝ գումարած 5 մլն ֆունտ բոնուսների տեսքով:
Կովաչիչը հինգ մրցաշրջան է անցկացրել «Չելսիի» կազմում՝ մասնակցելով 221 հանդիպման և «ազնվականների» հետ հաղթելով Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։
29 ամյա խորվաթի ձեռքբերումը կօգնի «Սիթիին» լուծել Իլկայ Գյունդողանի բացը:
«Սա հիանալի տրանսֆեր է ինձ համար, և ես անհամբերությամբ եմ սպասում «Սիթիում» իմ մեկնարկին»:
«Բոլորը, ովքեր տեսել են այս թիմը Պեպի (Գվարդիոլայի) գլխավորությամբ, գիտեն, թե որքան լավն են նրանք: Իմ կարծիքով, նրանք աշխարհի լավագույն թիմն են: Բոլորը կարող են տեսնել իրենց նվաճած գավաթները, բայց նրանք նաև խաղում են լավ ֆուտբոլ»:
«Այս թիմին միանալն իրական երազանք է ցանկացած ֆուտբոլիստի համար»։
«Ես դեռ շատ բան ունեմ սովորելու և կատարելագործվելու, և ես գիտեմ, որ Պեպի գլխավորությամբ ես կարող եմ ավելի լավ խաղացող դառնալ»:
«Այժմ իմ ծրագիրը մի քանի շաբաթ հանգստանալն է, որից հետո կվերադառնամ Մանչեսթեր՝ պատրաստվելու նոր մրցաշրջանին: Ցանկանում եմ օգնել այս ակումբին մնալ բարձունքում և ավելի շատ գավաթներ նվաճել»,- ասել է Կովաչիչը։