«Նյուքասլի» դարպասապահ Թիմ Կրուլը խոստովանել է, որ ամբողջությամբ ապաքինվել է վերջին վնասվածքներից և անհամբերությամբ սպասում է նոր մրցաշրջանի մեկնարկին:
Տաղանդավոր հոլադացին ապրիլին կայացած «Սանդերլենդի» դեմ խաղում վնասել էր ուսը: Սակայն այժմ արդեն ամբողջությամբ վերկանգնվել է, իսկ երեքշաբթի մասնակցել է «Գլազգո Ռեյնջերսի» հետ ընկերական հանդիպմանը:
-Հոգեբանական առումով վնասվածքի մասին արդեն չեմ մտածում: Ես երկու գերազանց շաբաթ եմ անցկացրել մարզումների մեջ: Ինձ միայն պետք էր ինքնավստահությունս վերականգնել և մի քանի լավ սեյվեր իրականացնել:
Շատ կարևոր է մինչմրցաշրջանային նախապատրաստություն անցնել, մարզումներ անցկացնել: Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին խաղն անցկացրեցի: Պրեմիեր Լիգայի խաղերն այլ պատմություն են, սակայն «Իբրոկսում» զարմանալի մթնոլորտ էր: Հաճելի էր նորից խաղադաշտ վերադառնալ և ֆուտբոլ խաղալ,- Կրուլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հավելենք, որ «կաչաղակներն» իրենց առաջին խաղը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում կանցկացնեն օգոստոսի 19-ին` հյուրընկալվելով «Մանչեսթեր Սիթիին»: