Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթիի» սեփականատեր Ասեմ Ալլամը որոշել է նոր մրցաշրջանից սկսած ակումբը վերանվանել «Հալլ Սիթի Թայգըրս»:
Ակումբի անվան փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ այն Անգլիայի սահմաններից դուրս ավելի ճանաչելի դառնա: Ավելի վաղ նման պլանների մասին հայտնել էր «Քարդիֆը», սակայն այս հարցի հետ կապված որոշումը հետաձգվեց:
-«Սիթի» բառն ակումբի անվան մեջ ավելի լայն հասկացողություն է: Գոյություն ունեն «Լեսթեր Սիթին», «Բրիսթոլ Սիթին», «Մանչեսթեր Սիթին» և այլն:
Ես չեմ սիրում լինել այնպիսին, ինչպես մնացածն են: Ես ցանկանում եմ, որ մեր ակումբը լինի յուրահատուկ, իսկ «Սիթին» ինքնության լավագույն տարբերակը չէ,- Daily Mail-ի հետ հարցազրույցում հայտնել է Ալլամը:
Հավելենք, որ «Հալլի» երկրպագուներն այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել: Միաժամանակ նրանք շնորհակալ են Ալլամին, որ նա մի քանի տարի առաջ փրկեց ակումբը լուծարումից: