«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնն ընդունել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակ» ակումբի շքեղ առաջարկը:
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «Ալ Իթիֆակը» Հենդերսոնին առաջարկել է պայմանագիր, որում ֆուտբոլիստի աշխատավարձը մոտ չորս անգամ կգերազանցի այժմյան շաբաթական 200,000 ֆունտ ստերլինգը, որը Ջորդանը ստանում է «Լիվերպուլում»:
Նման գայթակղիչ առաջարկ Հենդերսոնը ստացել է այն պատճառով, որ «Ալ Իթիֆակի» գլխավոր մարզչի պաշտոնում վերջերս նշանակվեց «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը, որից Ջորդանը ժամանակին ժառանգել է «Լիվերպուլի» ավագի թևկապը։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Հենդերսոնը և Յուրգեն Կլոպը զրույց են ունեցել այդ առաջարկի վերաբերյալ, և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն տվել է իր համաձայնությունը Ջորդանի տեղափոխության մտքին:
Այնուամենայնիվ, «Ալ Իթիֆակը» դեռ պետք է համաձայնության գա նաև «Լիվերպուլի» հետ: Արաբական ակումբը հույս ունի ձեռք բերելու 33 ամյա անգլիացուն ազատ գործակալի կարգավիճակով, սակայն «կարմիրները» պատրաստվում են 10 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում պահանջել իրենց թիմի ավագի համար:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Հենդերսոնը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 43 հանդիպում: Ջորդանի պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։