Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» պատասխան խաղից հետո «Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնական Մայք Ֆելանը խոստովանել է, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն այն վիճակում չէ, որ պատասխանի լրագրողների հարցերին:
«Մանկունյանցիները» 1:2 հաշվով պարտվեցին արքայական ակումբին և դուրս մնացին հետագա պայքարից: Ակնհայտ է, որ այս փաստը շատ է վշտացրել Սէր Ալեքսին և իր սաներին: Դեռ խաղի ընթացքում մասնագետը դժգոհություն հայտնեց Նանիի հեռացումից, որն էլ հենց վճռեց խաղի ելքը: Հետխաղյա մամլո ասուլիսին Սէր Ալեքսը պարզապես չեկավ: Նրան փոխարինեց Ֆելանը, որն էլ պատմեց հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին:
-Այն, որ ես եմ այստեղ նստած և ոչ թե մարզիչը, շատ բան է ասում: Ֆուտբոլիստները շատ հիասթափված են, իսկ մարզիչը պարզապես լի է զգացմունքներով:
Մենք բոլորս ականտես եղանք զարմանալի որոշման, որը չափազանց խիստ էր, հատկապես խաղի այդ պահին:
Այնուամենայնիվ, մենք պետք է շարունակեինք խաղալ և դիմակայել «Ռեալին», որն իհարկե շատ դժվար էր:
Ենթադրում էինք, որ լավ մարտավարություն ենք ընտրել: Մեզ լավ էինք զգում 0:0 հաշվի ժամանակ, իսկ ընդմիջումից հետո գոլ խփեցինք, որն ամրապնդեց մեր դիրքերը:
Դրանից հետո էլ մենք վերահսկում էինք խաղը, գոլ խփելու մի քանի հնարավորություն ունեինք, սակայն Նանիի կարմիր քարտից հետո խաղն ամբողջովին փոխվեց,- հայտնել է Ֆելանը: Sky Sports