Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «կարմիր սատանաները» կընդունեն «Չելսիին»:
«Չելսին» առաջնության միակ թիմն է, որը դեռ պարտություն չի կրել: Ժոզե Մոուրինյոյի սաները 8 խաղից հաղթել են 7-ում, իսկ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղն ավարտել են ոչ ոքիով (1:1): «Կապույտները» նաև ամենից շատ գոլերն են խփել՝ 23:
Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա մանկունյանցիները վաստակած 12 միավորով ընդամենը 8-րդն են և արդեն 3 պարտություն ունեն:
Երկու թիմերն էլ կորուստներով են մոտեցել այս խաղին: «Չելսիից» խաղին չի կարողանա մասնակցել Լոիկ Ռեմին, հարցականի տակ է նաև առաջնության լավագույն ռմբարկու Դիեգո Կոստայի մասնակցությունը, իսկ «Յունայթեդի» տրամադրության տակ չեն լինի Ռադամել Ֆալկաոն և Ուեյն Ռունին: Առաջինը վնասվածքի, իսկ երկրորդը որակազրկման պատճառով:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 171 անգամ և առավելությունը «կարմիր սատանաների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 72-ում, 51 անգամ գրանցվել է ոչ ոքի և ընդամենը 48 խաղում է ուժեղ գտնվել լոնդոնյան ակումբը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2: