«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից տուգանվել է 260 հազար ֆունտով՝ Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի «Ասթոն Վիլայի» դեմ խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների համար:
Այդ հանդիպման ընթացքում պարտվելով 0-2 հաշվով՝ «Սիթին» ուժ գտավ շրջելու խաղը և 3:2 հաշվով կամային հաղթանակ տանելու, ինչի շնորհիվ մնաց աղյուսակի վերևում և պաշտպանեց լիգայի տիտղոսը։
Եզրափակիչ սուլիչից հետո «քաղաքացիների» ուրախ երկրպագուները դուրս եկան խաղադաշտ, ինչի հետևանքով վնասվածք ստացավ «Վիլայի» դարպասապահ Ռոբին Օլսենը: Բացի այդ, կոտրվել է դարպասներից մեկը։
«Սիթին» ընդունել է ասոցիացիայի մեղադրանքները, իսկ Պրեմիեր լիգայի չեմպիոններն այսօր ահռելի տուգանք են ստացել:
Հայտարարության մեջ ՖԱ-ն բացատրում է, որ «Սիթին չկարողացավ ապահովել պատշաճ վարքագիծը» իր երկրպագուների մոտ, որոնց գործողությունները «սպառնալից և ագրեսիվ» էին։
Հավելենք, որ հենց նախորդ շաբաթ նույն կերպ պատժվեց «Էվերթոնը»։ Սակայն «իրիսների» տուգանքը կազմել է 300 հազար ֆունտ։