Մարիո Բալոտելլին ոչ թե պետք է Ռոբերտո Մանչինիին հարգի, այլ ինքն իրեն: Նման կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Բալոտելլին վերջապես համաձայնվեց վճարել տուգանքը` նրա երկշաբաթյա աշխատավարձի չափով: «Քաղաքայինների» ղեկավարությունն այսպիսի որոշում էր կայացրել, որովհետև իտալացին անկարգությունների պատճառով բաց թողեց մի շարք կարևոր հանդիպումներ:
Բալոտելլին հայտարարել էր, որ համաձայնվում է վճարել` Մանչինիի նկատմամբ հարգանքից ելնելով: Մինչդեռ իտալացի մասնագետը խորհուրդ է տալիս Մարիոյին հարգել ինքն իրեն և մտածել իր հեղինակության մասին:
-Մարիոն պետք է հարգի ինքն իրեն, ոչ թե ինձ, որովհետև դա նրա համար շատ-շատ կարևոր է:
«Սիթիի» գլխավոր մարզիչը նաև հայտնել է, որ Բալոտելլին այս շաբաթ դաշտ դուրս չի գա հիվանդության պատճառով: The Independent