«Չելսիի» վինգեր Մարկո Մարինը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով կխաղա իտալական «Ֆիորենտինայում»:
Երկու տարի առաջ Բրեմենի «Վերդերից» «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելուց հետո Մարինը «կապույտների» կազմում մասնակցել է ընդամենը վեց խաղի: Նախորդ մրցաշրջանում Մարկոն վարձավճարով խաղաց «Սևիլյայում», որտեղ դարձավ Եվրոպա Լիգայի հաղթող:
25-ամյա գերմանացին տեղ չունի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խաղային պլաններում: Ինչպես հայտնի է դառնում Daily Mirror-ից, այժմ լոնդոնյան ակումբը Մարինի տրանսֆերի համար բանակցում է «Ֆիորենտինայի» հետ:
Եթե Մարինի գործարքն իրականանա, ապա «Ֆիորենտինան» իրավունք կստանա նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները գնել 4.2 մլն ֆունտով: