«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Ֆուլհեմի» նախկին դարպասապահ Մարկ Շվարցերի հետ պայմանագրի ստորագրման մասին:
Մարկը «ազնվականներին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: «Ֆուլհեմը» Մարտեն Ստեկելենբուրգին գնելուց հետո որոշեց ազատվել Շվարցերից: Թվում էր, թե Մարկը «Քրեյվն Քոթեջից» հեռացել է խաղային պրակտիկայի երաշխիքներ չունենալու պատճառով:
Սակայն այժմ 40-ամյա Շվարցերը որոշեց տեղափոխվել «Չելսի» և լինել պահեստայինների նստարանին: Ավստրալիացին «կապույտների» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել:
Մարկը անգլիական ֆուտբոլում է արդեն 15 տարի: «Ֆուլհեմից» բացի նա խաղացել է նաև «Բրեդֆորդում» և «Միդլսբրոյում»: Իր ազգային հավաքականում Մարկը հարյուրից ավելի խաղի է մասնակցել:
-Սա ֆենոմենալ ակումբ է: «Չելսին» աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է,- ասել է Շվարցերը: