Այսօր կայանալիք «Չելսիի» հետ խաղից առաջ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հայտնել է, որ «ազնվականների» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի տեղափոխությունն իր ակումբ անհնարին է:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրանում է 34-ամյա Լեմպարդի պայմանագիրը «Չելսիի» հետ, իսկ ակումբը դեռևս նրան չի առաջարկել՝ երկարաձգելու պայմանագիրը: Այս կապակցությամբ լրագրողները Յոլին հարցրել են, թե հնարավոր է Ֆրենկը տեղափոխվի «Ֆուլհեմ»: Սակայն մասնագետը բացառել է նման տարբերակը:
-Ֆրենկը վերջին 30-40 տարիների լավագույն կիսապաշտպանն է Անգլիայում: Իհարկե, յուրաքանչյուրն էլ կցանկանար նրան տեսնել իր թիմում, այդ թվում նաև ես: Նա հիանալի խառնվածք ունի և շատ օգտակար է:
Ինձ թվում է, որ նա միայն կծիծաղի, եթե «Ֆուլհեմը» նրան առաջարկ անի: Վստահ չեմ, որ նա պատրաստվում է խաղալ այնպիսի ակումբում, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:
Ֆրենկը կենդանի լեգենդ է: Նա շատ տիտղոսներ է նվաճել, և իմ կարծիքով «Չելսին» ամեն դեպքում կպահի նրան,- հայտնել է Յոլը: Sky Sports