«Տոտտենհեմի» ժամանակավոր մարզիչ Ռայան Մեյսոնը վրդովմունք է հայտնել, որ «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտային կարմիր քարտ ցույց չեն տվել Էնֆիլդում կայացած հանդիպման ժամանակ:
Հենց Ժոտան ի վերջո խփեց «Լիվերպուլի» հաղթական գնդակը «Տոտտենհեմի» դեմ խաղում, սակայն Մեյսոնը կարծում է, որ Դիոգուն պետք է ավելի վաղ հեռացվեր խաղադաշտից:
81-րդ րոպեին, երբ «կարմիրները» 3-2 հաշվով հաղթում էին, Ժոտան ոտնամասի ներքևի հատվածով հարվածեց «խթանների» կիսապաշտպան Օլիվեր Սկիպի գլխին, ինչի հետևանքով նա վնասվածք ստացավ: Մեյսոնը չի հասկանում, թե ինչու չմիջամտեցին մրցավար Փոլ Թիրնին և VAR-ի մրցավար Դևիդ Կուտը։
«Սա իմ տեսած ամենաակնառու կարմիր քարտերից մեկն է: Դժվար է համակերպվել դրա հետ: Ես կցանկանայի բացատրություն ստանալ և պարզել, թե ինչու նրանք աչք փակցին այդ խաղտման վրա»:
«Դա առանցքային որոշում էր, և դուք չեք կարող սխալվել այդտեղ: Ինձ համար դժվար և անհնար է հասկանալ, թե ինչո՞ւ մենք այդ դրվագից հետո չտեսանք հեռացում»:
«Սա կանխորոշեց խաղը… Ես հասկանում եմ, որ երբեմն դաշտում գտնվող մրցավարը կարող է ուշադրություն չդարձնել, չնայած անձամբ ես անմիջապես զգացի, որ դա կարմիր քարտ է, քանի որ խաղացողը ոտքը շատ բարձրացրեց և վնասվածք հասցրեց մրցակցին։ Այս ամենը միշտ էլ պատժվել է կարմիր քարտով»:
«Նման պահին դուք ցանկանում եք, որ մրցավարը օգնություն ստանա VAR-ից, հատկապես, երբ կա այնպիսի փորձառու մրցավար (ինչպես Կուտը)»,- Մեյսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։