Առաջիկա երկուշաբթի մրցավարական կորպուսը առաջին անգամ կհրապարակի Պրեմիեր լիգայի մրցավարի և VAR համակարգի մրցավարների աուդիո զրույցները։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս մրցավարական համակարգի ղեկավար Հովարդ Վեբը հայտարարեց մրցավարի աշխատանքում կարևոր փոփոխությունների մասին՝ ասելով, որ շուտով նրանք կկարողանան բացատրել իրենց որոշումները հանրությանը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Վեբը երկուշաբթի երեկոյան հյուրընկալվելու է Sky Sports-ին Պրեմիեր լիգայի «Լեսթեր»-«Լիվերպուլ» խաղի ժամանակ:
Վեբը հեռուստաալիքի փորձագետներ Գարի Նևիլի և Ջեյմի Կարագերի հետ քննարկում կունենա 2022/23 սեզոնում VAR համակարգի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև կբացի վարագույրները մրցավարության և հանրության միջև։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը ֆուտբոլում կանոններ է սահմանում, արդեն հաստատել է Daily Mail-ին, որ դեմ չէ մրցավարների՝ միմյանց հետ խոսելու արձանագրությունների հրապարակմանը միայն այն դեպքում, եթե դա տեղի ունենա խաղերի ավարտից հետո, այլ ոչ դրանց ընթացքում։
Նույն օրը երեկոյան մրցավարական համակարգը կհրապարակի իրենց սեփական ծրագրի կես ժամանոց թողարկումը, որը կոչվում է «Match Officials. Mic’d Up»՝ այս սեզոնի տարբեր վիճահարույց դրվագների վերլուծությամբ: