Կիսապաշտպան Խուան Մատան վտանգում է դուրս մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խաղային պլաններից և արդեն հունվարին կարող է ստիպված լքել «Օլդ Թրաֆորդը»:
Երկու մրցաշրջանների ընթացքում Մատան ճանաչվեց «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստ, սակայն «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի վերադարձից հետո իսպանացին կորցրեց տեղը հիմնական կազմում և ձմռանը 37,1 մլն ֆունտով տեղափոխվեց «Յունայթեդ»:
Նմանատիպ մի իրավիճակում է 26-ամյա Մատան նաև «Օլդ Թրաֆորդում»: Մինչմրցաշրջանային հավաքների ժամանակ վան Գալը խաղալու հնարավորություն էր տալիս իսպանացուն և բացահայտ ասել է, որ հենց Խուանը կկատարի փլեյմեյքերի պարտականությունները: Հենց այդ պատճառով էլ «Յունայթեդը» նախընտրեց վաճառել Շինջի Կագավային:
Սակայն մրցաշրջանի մեկնարկից Մատան աչքի չի ընկնում տպավորիչ խաղով: Խուանը պահեր չի ստեղծում հարձակվողների համար, իսկ «կարմիր սատանաները» երեք խաղում խփել են ընդամենը երկու գոլ, որով առաջ են միայն Պրեմիեր Լիգայի նորեկ «Բերնլիից»:
Եթե Մատան շարունակի նույն կերպ, ապա շուտով կկորցնի տեղը հիմնական կազմում՝ հատկապես, որ այժմ Ռադամել Ֆալկաոյի գալուց հետո մարզիչը կարող է փլեյմեյքերի դիրք ուղարկել Ուեյն Ռունիին: Daily Mail