Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին միացավ «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Հենրիխի հանդեպ իրենց ունեցած հետաքրքրությունների մասին հայտնեցին «Արսենալը» և «Չելսին», իսկ մինչ այդ երկար ժամանակ պայքարում էր «Լիվերպուլը»։ Ոչ անգլիական ակումբներից պայքարում է նաև Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»։
Այսօր բրիտանական Daily Mail֊ը հայտնեց, որ «Յունայթեդը» նույնպես միացել է պայքարին։ Մխիթարյանի գործակալը Մինո Ռայոլան է, ով ներկայացնում է նաև Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի և Ռոմելու Լուկակուի շահերը։ Գործնականում արդեն համաձայնեցված է Իբրահիմովիչի տեղափոխությունը «Օլդ Թրաֆորդ»։
Պարբերականը նշում է, որ Մխիթարյանի համար «Բորուսիային» կվճարեն 25 մլն ֆունտ։ Ամեն ինչ այժմ կախված է Հենրիխի որոշումից։ «Արսենա՞լ», թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ»։