Հաջորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթին» ավարտին կհասցնի «Սևիլյայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տեղափոխությունը: «Քաղաքայինները» Նեգրեդոյի համար կվճարեն 20 մլն ֆունտ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Իսպանիայի հավաքականի 27-ամյա հարձակվողը գրեթե տեղափոխվել էր «Ատլետիկո Մադրիդ», սակայն «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին հաջողվել է համոզել Ալվարոյին, որ հետևի իրեն և տեղափոխվի Պրեմիեր Լիգա:
Պետք է նշել, որ Պելեգրինին փորձել է ձեռք բերել Նեգրեդոյին, երբ դեռ գլխավորում էր «Մալագան»: Սակայն Մանուելի նախկին ակումբը չուներ նման ֆինանսական միջոցներ, որոնք ունի «Սիթին»:
«Սիթին» հարձակման գիծն ուժեղացնելու խնդիր ունի, քանի որ կես տարվա ընթացքում թիմից հեռացան Մարիո Բալոտելին և Կարլոս Տևեսը: Հաշվի առնելով տեղեկությունն այն մասին, որ «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին կտեղափոխվի «ՊՍԺ», Պելեգրինիին այլ տարբերակներ չեն մնում:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Նեգրեդոն Լա Լիգայում խփած 25 գոլով ռմբարկուների ցուցակում 4-րդն էր, իսկ իսպանացիների շրջանում` 1-ինը: