«Վեստ Բրոմվիչը» պաշտոնապես հայտնել է «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկայի հետ պայմանագրի ստորագրման մասին: Գործարքը տեղի է ունեցել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Վեստ Բրոմվիչը» դարձավ Անելկայի կարիերայի անգլիական արդեն 6-րդ ակումբը: Նախկինում նա հանդես է եկել նաև «Արսենալում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Բոլթոնում» և «Չելսիում»:
2012թ-ին Անելկան «Չելսիից» տեղափոխվեց «Շանհայ Շենհուա», սակայն Չինաստանին չհարմարվեց: Դեռ նախորդ ամառ խոսվում էր, որ ֆրանսիացին մտադիր է վերադառնալ Պրեմիեր Լիգա:
Այս տարվա հունվարին Անելկան լքեց Շանհայը և վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս»: Իսկ այժմ որոշեց վերադառնալ իր համար լավ ծանոթ Անգլիան: 34-ամյա հարձակվողը «Վեստ Բրոմվիչի» հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 1 տարի ավելացնելու հնարավորությամբ:
Ավելացնենք, որ Անելկան անգլիական Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 12-րդն է՝ խփած 123 գնդակով: