«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն հաստատել է, որ դարպասապահ Նիկ Պոուպը վիրահատության կարիք ունի և բաց կթողնի մոտ չորս ամիս:
31 ամյա Պոուպը ուսի վնասվածք է ստացել անցած շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած հանդիպման ժամանակ։
Հաուն հենց սկզբից ակնկալում էր, որ իր հիմնական դարպասապահի ուսը կոտրվել է, և խորը հետազոտությունը հաստատեց դա։ Այժմ Նիկի ուսով կզբաղվեն վիրաբույժները:
«Վիրահատությունը դեռ չի իրականացվել, և ըստ մեր ենթադրությունների նա կկարողանա վերադառնալ մոտ չորս ամսից։ Դա մեծ կորուստ է մեզ համար, բայց մեզ համար այս լուրը սպասելի էր»,- Հաուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Առաջիկա շաբաթների ընթացքում Հաուն պետք է հույսը դնի 34 ամյա Մարտին Դուբրավկայի վրա։ «Կաչաղակները» հունվարին պետք է որոշեն դարպասապահ հրավիրելու հարցը։
«Մենք իսկապես հավատում ենք Մարտինին և ես միշտ բարձր կարծիք եմ ունեցել նրա մասին: Այո՛, մենք այդ ժամանակ հրավիրեցինք Նիկին, մենք ցանկանում էինք մեծացնել մրցակցությունը և ստեղծել թիմ, որը կարող է մեզ մեծ հաջողությունների հասցնել, բայց Մարտինը շատ բարձրակարգ դարպասապահ է:
Նա հիանալի է հետ մղում հարվածները, նա շատ լավ է խաղում ոտքերով և դիպուկ փոխանցումներ է կարողանում կատարել, այնպես որ ես առանց մեկ վարկյան վարանելու իմ թիմի դարպասները կվստահեմ Մարտինին, և հուսով եմ, որ նա շատ լավ հանդես կգա:
Մենք ոչ մի հարցում կամ որոշում չենք կայացրել հունվարի վերաբերյալ: Այս ակումբի դարպասապահները հնարավորություն ունեն ամրապնդելու իրենց դիրքերը, և դա վերաբերում է բոլորին այստեղ»,- ավելացրել է Հաուն: