«Նյուքասլի» երկրպագուները ավազակային հարձակման են ենթարկվել Ուկրաինայում: Երեկ երեկոյան անգլիական ակումբը հյուրընկալվել էր ուկրաինական «Մետալիստին» Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում:
Daily Mail պարբերականի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել Խարկովի մետրոյի կայարաններից մեկում, որը մոտ է գտնվում տեղի մարզադաշտին: Միջադեպի արդյունքում «կաչաղակների» երկրպագուներից մեկը հայտնվել է հիվանդանոցում:
«Նյուքասլի» երկրպագուներն իրենց թվիթերյան էջերում անձամբ գրել են, որ ուկրաինական ոստիկանությունը ոչինչ չի արել այս ամենը կանխելու համար: Միևնույն ժամանակ խաղից հետո անգլիացիները հյուրանոց են գնացել թիկնապահների ուղեկցությամբ:
Նշենք, որ սա միակ դեպքը չէ, որ անգլիացի երկրպագուները հարձակման են ենթարկվում: Ավելի վաղ «Տոտտենհեմի» երկրպագուներն էին դարձել ավազակային հարձակման զոհ: