Ուեյն Ռունին նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագ: Թիմի երկրորդ ավագն է Դարրեն Ֆլետչերը:
Այս ամռանը «կարմիր սատանաները» հրաժեշտ տվեցին Նեմանյա Վիդիչին, ով վերջին չորս տարիների ընթացքում կատարում էր ավագի պարտականությունները:
Լուի վան Գալի գալուց հետո լրագրողները քննարկում էին «Յունայթեդի» նոր ավագի հարցը: Հիմնականում նշվում էր Ռոբին վան Պերսիի անունը, ով ավագ է Լուիի գլխավորած Հոլանդիայի ազգային հավաքականում: Սակայն վան Գալի ընտրությունը կանգնեց 28-ամյա Ռունիի վրա:
-Ինձ համար միշտ շատ կարևոր է ավագի ընտրությունը: Ուեյնը փայլուն հարաբերություններ ունի բոլորի հետ: Նրա պրոֆեսիոնալությունը, վերաբերմունքը մարզումների և իմ փիլիսոփայության նկատմամբ մեծ տպավորություն է թողել ինձ վրա:
Երկրորդ ավագը կլինի Դարրեն Ֆլետչերը: Նա կլինի ավագը, երբ դաշտում չի լինի Ռունին,- «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է վան Գալը: