«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը և մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել են համապատասխանաբար ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացող և տարվա լավագույն մարզիչ:
Անցած մրցաշրջանում «Սիթին» կարողացավ կրկնել 1998/99 մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» եզակի նվաճումը՝ նվաճելով տրեբլ:
Այս հաջողության մեջ մեծ ներդրումն ունեցավ Հոլանդը, ով «քաղաքայինների» կազմում անցկացրած 53 խաղում 52 գոլ խփեց:
Հոլանդը Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն էր՝ 12 գոլով՝ չորսով ավելի, քան մոտակա մրցակիցը՝ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը:
Հեղինակավոր մրցանակի համար պայքարում Հոլանդը առաջ անցավ իր թիմակից Քևին Դե Բրույնեից և «ՊՍԺ»-ի նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից։ ՈւԵՖԱ-ի քվեարկության արդյունքում 23 ամյա նորվեգացին հավաքեց 352 միավոր՝ Մեսսին՝ 227 իսկ Դե Բրույնեն՝ 225:
Իսկ 52 ամյա Գվարդիոլան, ով «Սիթիի» համար առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և առաջին անգամ «Բարսելոնայից» հեռանալուց հետո, ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ։
Քվեարկության արդյունքում Գվարդիոլան (602 միավոր) շատ հետ է թողել «Նապոլիի» նախկին մարզիչ Լուչիանո Սպալետտիին (252) և «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին (84):