«Չելսիի» գլխավոր մարզչի նախկին օգնական Ռեյ Ուիլկինսը կարծում է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի համար դժվար է լինելու գտնել Ռաֆայել Բեիտեսին փոխարինող:
Ոիլկինսը Կարլո Անչելոտիի օգնականն էր և երկու տարի առաջ է վռնդվել լոնդոնյան ակումբից: Ըստ նրա՝ հեշտ չի լինելու գտնել Բենիտեսին արժանի փոխարինող:
Չեմպիոնների Լիգան հաղթելուց 6 ամիս անց Աբրամովիչը որոշեց ազատել Ռոբերտո դի Մատեոյին և ժամանակավոր գլխավոր մարզիչ նշանակել Ռաֆայել Բենիտեսին: Ըստ բամբասանքների՝ ռուս միլիարդատերը երազում էր, որ Խոսեպ Գվարդիոլան այս ամառ գլխավորի «Չելսին», սակայն «Բարսելոնայի» նախկին մարզիչը գերադասեց Մյունխենի «Բավարիան»:
-Ցանկացած մարզիչ, գալով «Չելսի», գիտի, թե ինչ է լինելու: Դու ստանում ես մեծ աշխատավարձ, սակայն պետք է հասկանաս, որ ամեն րոպե կարող է ազատվես աշխատանքից:
Հնարավոր է՝ Գվարդիոլան երկար է մտածել ու որոշել, որ չի ցանկանում հայտնվել նման իրավիճակում: Ըստ երևույթին, նա ուսումնասիրել է «Չելսիի» և «Բավարիայի» կազմերը և որոշել, որ լավագույն ակումբը տիտղոսներ նվաճելու համար գերմանական «Բավարիան» է:
Ես զարմացա, երբ Աբրամովիչը հրաժարվեց Կարլոյի ծառայություններից, վռնդեց դի Մատեոյին: Լոնդոնյան ակումբի սեփականատերն ինքն է որոշում իր անելիքը: Այստեղ չկան նախազգուշացումներ: Սայթաքեցիր, ընկար, ուրեմն պետք է հեռանաս: Ահա թե ինչպես է նա աշխատում,- ասել է Ուիլկինսը: The Sun