Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է անսովոր իրադարձություն տեղի ունենալ՝ փլեյ-օֆֆ «Չելսիի» և «Արսենալի» միջև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգրի համար:
Դրա համար երկու ակումբերն էլ պետք է ունենան նույն ցուցանիշները, ներառյալ միավորները, խփած գոլերն ու գնդակների տարբերությունը: Այս սցենարը հնարավոր է, եթե կիրակի օրն «Արսենալը» հաղթի «Նյուքասլին» 1:2 հաշվով, իսկ «Չելսին» էլ «Էվերթոնի» հետ խաղն ավարտի 0:0 հաշվով:
Այս դեպքում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, որը հնարավորություն է տալիս միանգամից մասնակցելու Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին, կխաղարկվի չեզոք խաղադաշտում լրացուցիչ խաղի միջոցով:
Ինչպես հայտնում է ESPN-ը, փլեյ-օֆֆ հանդիպումը պետք է կայանա մայիսի վերջին: Մինչդեռ խնդիր կա. մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո «Չելսին» մեկնում է ԱՄՆ, իսկ արդեն մայիսի 29-ին Անգլիայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու:
Բացի այդ, մեծ խնդիր է խաղադաշտի հարցը: Տրամաբանական կլիներ «Ուեմբլի» մարզադաշտը, սակայն լոնդոնյան գլխավոր խաղադաշտը մայիսի վերջին ընդունելու է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչն ու հավաքականի խաղը: