«Չելսին» պատրաստ է «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշի համար պայքարում մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Թե՛ «Չելսիի», թե՛ «Յունայթեդի» համար ամառային տրանսֆերային պատուհանի համար առաջնահերթություն է հարձակվողի ձեռքբերումը: Եվ Պրեմիեր լիգայի երկու գրանդների անուններն էլ կապվում են Ռամուշի հետ, ով այս մրցաշրջանում Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 22 խաղում 17 գոլով, ևս երեք անգամ աչքի ընկնելով Չեմպիոնների լիգայում։
Պորտուգալական Record-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» սկաուտները կհետևեն Գոնսալուին ուրբաթ երեկոյան «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում «Պորտուի» դեմ խաղին:
«Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին նույնիսկ կարող է անձամբ գալ Լիսաբոն, բայց շատ ավելի հավանական է, որ «ազնվականների» պատվիրակությունը գլխավորի լոնդոնյան ակումբի տնօրեններից Փոլ Ուինսթենլին կամ Լոուրենս Ստյուարտը:
Այնուամենայնիվ, այսօր երեկոյան «Չելսին» նայելու է ոչ միայն 21 ամյա Ռամուշին, այլև կենտրոնական պաշտպան Անտոնիո Սիլվային և «Պորտուի» եզրային Պեպեին: