The Times-ը հաստատում է այն ինֆորմացիան, ըստ որի «Չելսին» պատրաստ է իր հարձակվող Ֆերնանդո Տորրեսին փոխանակել «Միլանի» աստղ Ստեֆան Էլ Շարավիով:
Ինչպես հայտնի է, Էլ Շարավիից բացի «ազնվականները» պայքարում են Էդինսոն Կավանիի համար: Այսօր այդ երկու ֆուտբոլիստները հանդիպում կունենան իրենց ակումբների ղեկավարների հետ, որից հետո իրավիճակը պարզ կդառնա:
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ տրանսֆերային շուկա դուրս գալու համար իրենք պետք է նախ որևէ ֆուտբոլիստի վաճառեն: Այս պարագայում «Չելսիի» կողմից Տորրեսին Էլ Շարավիով փոխելու առաջարկը բավական գայթակղիչ կարող է լինել:
Հաղորդվում է, որ «Չելսին» Կավանիի համար պահանջվող գումարը չափից դուրս շատ է համարում, ինչի համար էլ իր ուշադրությունը դարձրել է 20-ամյա Էլ Շարավիին, ով նախորդ մրցաշրջանում դարձավ 19 գոլի հեղինակ: