«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերի առողջական վիճակի մասին վտանգավոր կանխատեսումներն արդեն անցյալում են, քանի որ ֆուտբոլիստը երեկ վերադարձել է ընդհանուր խումբ և ամբողջ ծրագրով մասնակցել է մարզումներին:
Հիշեցնենք, որ 21-ամյա անգլիացին բացակայում է մարտի 3-ից, երբ պարտվեցին «Տոտտենհեմին» 2:1 հաշվով, իսկ ինքը ստացավ կոճի վնասվածք: Ջեկը մի քանի շաբաթ ուղղակի հանգստացավ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երկուշաբթի օրվանից Ուիլշերը վերսկսել է մարզումները, իսկ ահա ուրբաթ օրը նա ամբողջ ծրագրով մարզումների է մասնակցել: Սակայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկանում ռիսկի գնալ և Ջեկին չի հայտավորի շաբաթ օրը «Վեստ Բրոմվիչի» հետ խաղին:
Սպասվում է, որ Ջեկը դաշտ կվերադառնա հաջորդ շաբաթ՝ «Նորվիչի» հետ խաղում: