«Չելսիի» լեգենդ Ջոն Թերրին հայտարարել է լոնդոնյան ակումբի ակադեմիայում աշխատանքի վերադառնալու մասին:
Անցյալ մրցաշրջանում Թերրին օգնեց Մարկ Ռոբինսոնին մարզել «Չելսիի» մինչև 21 տարեկանների թիմը, սակայն ապրիլին Ջոնը միացավ «Լեսթերին», որտեղ աշխատեց Դին Սմիթի օգնականի պաշտոնում։
«Աստոն Վիլլայում» աշխատած Սմիթ և Թերրի զույգը չկարողացավ կանխել «Լեսթերի» անկումը Պրեմիեր լիգայից։
Անցյալ ամիս «Լեսթերը» հրաժեշտ տվեց Սմիթին՝ նոր գլխավոր մարզիչ նշանակելով Էնցո Մարեսկային։ Սմիթի հեռանալուց հետո «աղվեսների» մարզչական անձնակազմից հեռացավ նաև Թերրին։
Թերրին «Չելսիի» կազմում անցկացրել է 715 հանդիպում՝ հաղթելով Պրեմիեր լիգայի հինգ չեմպիոնական տիտղոս, հինգ Անգլիայի գավաթ, երեք Լիգայի գավաթ, Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան։