«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ջո Քոուլը կարծում է, որ իր տեղափոխությունը «Լիվերպուլ» սխալ է եղել, քանի որ ոչ մի զգացմունք չուներ մերսիսայդյան ակումբի նկատմամբ:
Ջոն «Էնֆիլդ» է տեղափոխվել 2010 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ: Քոուլի ծառայություններով այդ ժամանակ հետաքրքրված էին շատ այլ ակումբներ, սակայն նա նախընտրեց «Լիվերպուլը»: Այստեղ նա շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձ էր ստանում: 2.5 տարի անց՝ հունվարին, նա վերադարձավ հարազատ «Վեստ Հեմ»:
-Ես կարող եմ խաղալ միայն այն ակումբների համար, որոնց նկատմամբ զգացմունք ունեմ: Կարծում եմ՝ հենց դա էր իմ սխալը «Լիվերպուլում»: Ոչ մի կապվածություն չէի զգում այդ ակումբի կամ վայրի նկատմամբ, ինչպես որ եղել է «Չելսիում» և «Վեստ Հեմում»:
7 հիանալի տարի եմ անցկացրել «Չելսիում», սակայն ակումբը ցանկացավ առաջ շարժվել առանց ինձ: Այդ իսկ պատճառով այնտեղից հեռանալիս ես երկու իրական տարբերակ ունեի՝ «Լիվերպուլ» կամ «Տոտտենհեմ»:
Հնարավոր է, որ «Տոտտենհեմը» լավագույն տարբերակն էր, որովհետև առաջարկում էին 5-ամյա պայմանագիր: Սակայն ես պարզապես չէի կարող համաձայնվել: Ինձ չէի պատկերացնում «Տոտտենհեմի» մարզաշապիկով: Հաշվի առնելով «Տոտտենհեմի» և «Վեստ Հեմի» մրցակցությունը «Չելսիի» հետ՝ իմ տեղափոխությունն այնտեղ բավականին եսասիրական քայլ կլիներ,- հայտնել է Քոուլը: ESPN