«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը իր ապագայի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել է, մինչև «կարմիր սատանաները» նոր սեփականատեր գտնեն։
Այս պահին Ռաշֆորդի գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ ամբողջական տարի, իսկ «Յունայթեդն» արդեն օգտագործել է 12 ամսով պայմանագիրը երկարաձգելու իր տարբերակը։
Անգլիայի հավաքականի 25 ամյա ֆուտբոլիստն այժմ անցկացնում է իր լավագույն մրցաշրջանը՝ 44 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ, և նրա հաջորդ պայմանագիրը ամենակարևորը կլինի իր կարիերայում:
Ըստ The Sun-ի՝ այս պահին Ռաշֆորդը պատրաստ չէ իր ապագան կապել «Յունայթեդի» հետ։ Մարկուսը ցանկանում է տեսնել, թե Գլեյզերների ընտանիքը ում է վաճառելու իր սիրելի ակումբը:
Երեկ երեկոյան հաղորդվում էր, որ Շեյխ Ջասսիմը և սըր Ջիմ Ռեթքլիֆը «Յունայթեդի» համար նոր առաջարկներ չեն արել։ Սա խոսում է այն մասին, որ Օլդ Թրաֆորդի ակումբը վաճառելու գործընթացը ձգձգվում է, և դա կարող է բացասաբար անդրադառնալ Ռաշֆորդի հետ կապված իրավիճակի վրա։
Բացի այդ, Ռաշֆորդը տեղյակ է, որ «Յունայթեդի» ներկայիս սեփականատերերը ցանկանում են ակումբում աշխատավարձի շեմ սահմանել, մինչդեռ «ՊՍԺ»-ն, ով հետաքրքրված է Մարկուսի ծառայություններով, այս հարցում խնդիր չունի: